հայերեն   ֆրանսերեն 

Կենսագրություն

Կառլոս Աբովյանը ծնվել է 1937 թ. Կիրովականում, (Վանաձոր), Հայաստանում: Նա սկսել է նկարել իր երիտասարդ տարիներին և այլևս երբե՛ք չի դադարել: Միջնակարգն ավարտելուց հետո նա մի քանի տարի աշխատել է Կիրովականի քիմգործարանում որպես նկարիչ – ձևավորող: Սակայն նրա կյանքի իմաստը նկարչությունն էր և սկսած 1975 թվականից դրան է նվիրում իր ամբողջ ժամանակն ու կենսուժը:

Ինքնուս՝ նա Մոսկվայի, Երևանի պատկերասրահներում և արվեստին նվիրված գրքերում ուսումնասիրել է մեծ նկարիչների ստեղծագործությունները ու հիացել դրանցով: Նա ասում էր, որ իր ուսուցիչները հայ մանրանկարիչներն են, Ռեմբրանդտը, Վան Գոգը, Սուրենյանը, Ալեքսանդր Բաժբեուկ- Մելիքյանը, Մինասը, և բնության հրաշք՝ Լոռվա ձորը:

Թեև նրա համբավը բավական արագ տարածվեց իր ծննդավայրում և Երևանում, Կառլոս Աբովյանը իր ամբողջ կյանքի ընթացքում հրաժարվել է ճանաչումից և պաշտոնական պատիվներից: Չնայած բազմաթիվ հորդորների, նա միշտ հրաժարվել է ցուցադրել և գտնում էր, որ կենդանության օրոք նկարչի գործը ո՛չ թե իր նկարների ցուցադրումն է, այլ նկարելը. փնտրել, հասկանալ, գտնել և նկարել, նկարել, նկարել անվերջ: Նա նկարում էր իր համար, իր մահից հետո ժողովուրդը կկարողանար դատել իր աշխատանքը: Չնայած դրան, իր կնոջ՝ Մարգարիտի հետ, նա հաճախ էր խոսում երևակայական մի ցուցահանդեսի մասին, երազում էր մի օր իր կտավները կախված տեսնել հայ պատմության ու մշակույթի երևելի հուշարձաններից մեկի Հաղպատի պատերին:

1986 թվականին Չեխոսլովակիայում հրատարակված և հայ մեծ նկարիչներին նվիրված « Հայկական ներկապնակ» ալբոմի մեջ Մինասի, Սարյանի, Ալեքսանդր Բաժբեուկ - Մելիքյանի կտավների կողքին ներկայացված են Կառլոս Աբովյանի հինգ կտավները: 1987 թվականին իր կնոջ և ընկերների հորդորանքով Կառլոսը համաձայնվում է, որ իր կտավներից վեցը մտնեն Երեվանի Ժամանակակից Արվեստի թանգարան, սակայն դրանից հետո նա վերջնականապես հրաժարվում է այցելել այդ թանգարանը: 1991 թվականի հունվարին նրա կտավներից չորսը գողացվեցին թանգարանից: Մի ամիս անց դրանք վերադարձվել են՝ մի գերեզմանոցում լքված:

1980 թվականին վիրահատված սրտի անբավարարվածության պատճառով, Կառլոս Աբովյանը ինքն իրեն դատապարտված է . տեսնում: Անկասկած այդ փաստն է բացատրում այն բուռն կենսուժը, որով նա անդադար նկարում է:

Կառլոս Աբովյանը մահացել է 1992 թվականի դեկտեմբերին Վանաձորում: Իր ցանկության համաձայն նրա սիրտը թաղվել է Լոռվա ձորում՝ Արդվիի մատուռի մոտ, մի վայր, որը նա առանձնապես սիրում էր:

Իր ետևից նա թողել է ստվար մի ստեղծագործություն: Նրա հարյուրավոր կտավներն այսօր ցրված են աշխարհով մեկ՝ իր հին արվեստանոցում են, Վանաձորի պատկերասրահում, ինչպես նաև մասնավոր հավաքածուներում՝ Հայաստանում, Անգլիայում, ԱՄՆ-ում, Ֆրանսիայում, Իզրայելում, Լիբանանում, Ճապոնիայում... Իր մահից հետո կազմակերպվեցին ցուցահանդեսներ՝ Երեվանի պետական պատկերասրահում 1995 թ. Նույն տարում Վանաձորի պատկերասրահում, որն այսօր կրում է իր անունը, 1994 թվականին նրա չորս կտավները ցուցադրվել են Գյումրիում (Լենինականում)... 2007թ. Ֆրանսիայում առաջին անգամ նրա հինգ կտավները ցուցադրվեցին Ռոմանում ( Դրոմ նահանգում) "Հայաստանի դեմքերը " ցուցահանդեսի շրջանակներում:

2002 թվականին Մանուկ Մուրադյանը նկարահանել է ֆիլմ և հրատարակել մի գրքույկ «Կառլոս Աբովյան» վերնագրով: 2007 թվականին Մարգարիտ Աբովյանը՝ Կառլոսի կինը, սկսեց նրա ստեղծագործությունների անվանացանկի նախապատրաստումը:

Բոլոր իրավունքները վերապահված են Մարգարիտ Աբովյան Ալմաջյանին (2008)

Ինդեքս Մուտք Կենսագրություն Պատկերասրահ Մատենագրություն Կապ